Գլխավոր Ավելին

Բժիշկ-ուրոլոգը՝ շագանակագեղձի բարորակ և չարորակ նորագոյացությունների մասին

Շագանակագեղձի բարորակ և չարորակ հիվանդությունները տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող խնդիրներց են:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի կլինիկայի բժիշկ-ուրոլոգ Գագիկ Նազարյանը նշում է, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ադենոմա), շագանակագեղձի տրանզիտոր զոնայում հիպերպլաստիկ պրոցեսների հետևանքով բջիջների քանակի ավելացումն է, ինչի հետևանքով առաջանում է միզուկի լուսանցքի ճնշվածություն:

Հավաստի ռիսկի գործոններն են՝

  1. տարիքը,
  2. ժառանգականությունը,
  3. տարիքային հորմոնալ փոփոխությունները,
  4. վնասակար սովորությունները,
  5. գիրությունը և այլն:

Ախտանիշներն են՝

  • մեզի շիթի թուլացում
  • միզապարկի կիսադատարկման զգացողություն
  • հաճախամիզություն՝ հատկապես գիշերային ժամերին
  • ակամա միզարձակություն
  • ընդհատվող միզարձակություն։                                                                                                                                                                                                       

Ավելի ուշ փուլերում առաջանում են բարդություններ, ինչպիսիք են սուր միզակապությունը, վերին և ստորին միզուղիների բորբոքային հիվանդությունները, հիդրոնեֆրոզը(վերին միզուղիներից մեզի արտահոսքի խանգարում), միզաքարային հիվանդությունը, երիկամային անբավարարությունը և այլն:

Բժշկի խոսքով՝ շագանակագեղձի քաղցկեղը տարածվածությամբ և մահացությամբ տղամարդկանց մոտ գրավում է 2-րդ տեղը՝ չարորակ ուռուցքների շրջանում: «Հիվանդության առանձնահատկություններից մեկն այն է, որ սկզբնական շրջանում գանգատները սպեցեֆիկ չեն ու նման են շագանակագեղձի այլ պաթոլոգիաների ախտանիշներին: Ուռուցքը ունի խիտ արյունամատակարարում, այդ իսկ պատճառով վաղ մետաստազավորվում է, ի հայտ բերելով ավելի ուշ փուլերին բնորոշ գանգատներ՝ արյունամիզություն, ցավեր շեքի, ողնաշարի, վերջույթների շրջանում»,-ասում է Գագիկ Նազարյանը:

Բժիշկ-ուրոլոգի խոսքով՝ շագանակագեղձի և՜ բարորակ, և հատկապես չարորակ պաթոլոգիաների դեպքում լիարժեք բուժման լավագույն գրավականը ժամանակին կատարված ախտորոշումն է և բուժման մեկնարկը հիվանդության ամենավաղ փուլերում: Այս իսկ պատճառով 45տ. լրացած տղամարդկանց խորհուրդ է տրվում տարեկան 1 անգամ անցնել ուրոլոգի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կատարել բժշկի կողմից ցուցված հետազոտությունները՝ ՊՍԱ քննություն (շագանակագեղձի ուռուցքային մարկեր), շագանակագեղձի մատնային քննություն, որովայնի և փոքր կոնքի սոնոգրաֆիկ և ՄՌՇ քննություններ, ուրոդինամիկ հետազոտություններ:

«Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին բուժելիս ցուցաբերվում է մուլտիդիսցիպլինար մոտեցում՝ հիվանդանոցում գործող օնկոլոգիայի կլինիկայի բժիշկների հետ համատեղ: Իրականացվում է թե կոնսերվատիվ, թե վիրահատական բուժում։ Կատարվում են արմատական վիրահատություններ՝ բաց և լապարասկոպիկ եղանակներով, վիրահատություններ կատարելիս նախապատվությունը տրվում է էնդոսկոպիկ մեթոդներին»,-ասում է Գագիկ Նազարյանը՝ խորհուրդ տալով ազատվել վնասակար սովորություններից, վարել առողջ ապրելակերպ, պարբերաբար հետազոտվել, քանզի հիվանդության վաղ ախտորոշումն ապահովում է բուժման լիարժեքությունը:

×
facebook sharing button facebook